«Թրամփն ասել է, որ եթե Ռուսաստանի նախագահը չլուծի ուկրաինական հակամարտությունը, «դա վատ կավարտվի իր համար»։ Սա հարյուր և առաջին անգամն է, որ նա այս սպառնալիքն է հնչեցնում։ Երբ «գործարար-խաղաղարարը» խոսում է «Tomahawk»-ների մասին, արտահայտությունը սխալ է։ Այդ հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար։ Եվ ամենից շատ՝ հենց Թրամփի համար»,- սոցիալական ցանցերում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։               
 

Երբ Բաքուն «կանաչ լույս» կստանա Անկարայից, Երևանն էլ՝ Մոսկվայից ու Թեհրանից

Երբ Բաքուն «կանաչ լույս» կստանա Անկարայից, Երևանն էլ՝ Մոսկվայից ու Թեհրանից
15.03.2025 | 17:02

Մի փոքր ոչ հաճելի, բայց հանրահայտ ճշմարտություն՝ Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» շուրջ ծավալված դիսկուրսի հետ կապված: Եթե դիտարկենք տարբեր տարածաշրջաններում ներքին էթնոքաղաքական կամ փոքր և միջին քաշային կարգի պետությունների միջև եղած հակամարտությունների պատմությունը, ապա պարզ կերևա, որ դրանց լուծումը կամ չլուծումն ու շարունակումը, մեծամասամբ, կախված է տվյալ տարածաշրջանի ուժային կենտրոնների դիրքորոշումներից և նրանց շահերից: Իհարկե, եթե այդ լուծումները որոշակի մարտահրավերներ են պարունակում գլոբալ կշիռ ունեցող գերտերությունների համար, նրանք ևս միջամտում են՝ իրենց շահն ապահովելու նպատակով: Այլ կերպ չի էլ կարող լինել, սա աքսիոմա է, հաստատված իրողություն:

Հիմա, այս անքննելի ճշմարտությունից ելնելով, դիտարկենք «խաղաղության պայմանագրի» շուրջ դիսկուրսը:

Ելնելով ԵՄ-ի և նրա առաջատար պետությունների մայրաքաղաքներից հնչող «շնորհավորանքներից»՝ կարելի է կռահել, որ նրանք մի կողմ են քաշվում, նվազեցնում են ակտիվությունը ուկրաինական ճակատում ստեղծված կատաստրոֆիկ իրավիճակի պայմաններում: Ամեն ինչ հասկանալի է, շուտով իրենց դիտորդներին հետ կկանչեն և կրկին կշնորհավորեն՝ նշելով իրենց «վճռորոշ և հաղթական» խաղաղարար առաքելությունը: ԱՄՆ-ը ևս ուկրաինական բեռի տակ է, գումարած Իրանի և Գազայի հատվածի խնդիրները, առանձնակի շահագրգռվածություն Վաշինգտոնից չի զգացվում, իսկ ՀՀ հետ կնքված «ռազմավարական հզոր» փասթաթուղթը, կարծես, դարակում փոշոտվում է: Չինաստանի արտաքին քաղաքական քայլերը լրիվ տեղավորվում են տնտեսական ծավալման տրամաբանության մեջ, և նույնը նաև մյուս կենտրոններին է վերաբերվում:

Բոլորովին այլ է ռեգիոնալ դերակատարների պարագայում: Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի շահերի գոտում է ՀՀ-Ադրբեջան «խաղաղոըթյան պայմանագրի» խնդիրը: Այդ պայմանագիրը դեռ չի կնքվել, ե՞րբ կկնքվի, ի՞նչ տեքստային փոփոխություններով, ինչպե՞ս կընթանան վավերացման գործընթացները Երևանում և Բաքվում, արդյո՞ք ՌԴ-Արևմուտք կոշտ հակամարտության ընթացքը և Ուկրաինա-Թուրքիա նոր մերձեցման նախանշանները (նայեք Զելենսկու լուսանկարը Անկարայում՝ Էրդողանի անձրևանոցի տակ) չեն ազդի այս «խաղաղության պայմանագրի» ճակատագրի վրա:

Հարցերի շարանը կարելի է շարունակել՝ հատկապես նկատի ունենալով կոմունիկացիաների, Սահմանադրության, հավանական իշխանափոխության խնդիրները և Բաքվից հնչող նոր պահանջները: Հավանաբար, բուն պայմանագրի կնքումը կձգձգվի, կքննարկվեն տեղը, ժամանակը, պայմանները և այլն: Իմ համոզմամբ՝ կկնքվի, երբ Ադրբեջանը «կանաչ լույս» ստանա Անկարայից, Հայաստանն էլ՝ Մոսկվայից ու Թեհրանից: Այլ կերպ չի կարող լինել, տրամաբանական չէ:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 3966

Մեկնաբանություններ